Posted in Հայոց լեզու

Ածական տեսակները

Ածականները լինում են որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային: Օրինակ՝ կապույտ երկինք, նեղ ճանապարհ, զուլալ աղբյուր և այլն:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ: Օրինակ՝ երկաթե դուռ, մայրական սեր, արևային օր: Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ: Հարաբերական ածականներ են կազմվում ական, ային, ե, եղեն, ենի, յա, յան ածանցներով, ուսուցչական, լեռնային, փայտե, հրեղեն, մայրենի, մարմարյա, հուլիսյան և այլն:

Առաջադրանքներ:
1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
Երկաթե-երկաթյա դարպաս, մետաքսյա-մետաքսե թաշկինակ, լեռնային գոտի, ծովային կենդանի, որդիական սեր, աշակերտական պայուսակ, դպրոցական հասակ, զինվորական ջոկատ, գյուղական կյանք, օդային ուղիներ, մարմարե-մարմարյա սյուն, բյուրեղյա արցունք, հերոսական արարք, ջրային կենդանի:

2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթե-երկաթյա ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռնային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հայրական տան կարոտն էր քաշում: Գյուղական համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտային ճանապարհները: Փչում էր գիշերային զով քամին: Հեռվից լսվում էր հովվական սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառային գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցական շենքի քարե պատերը:

3.Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Զորեղ, բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:

4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի:
 
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, ականավոր, բերրի, աժդահա, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի: 

Խոշոր-մեծ-հսկա-ահռելի-վիթխարի-աժդահա, երկերեսանի-կեղծավոր-երեսպաշտ-շողոքորթ, առատ-բերրի-բարեբեր-բեղուն-պտղաբեր-արգավանդ, նշանավոր-անվանի-մեծահռչակ-երևելի-հանրածանոթ-հանրաճանաչ-ականավոր:

Leave a comment