Posted in Հայոց լեզու

Թվականներ

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ, օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։
Թվականները լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով (1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է, երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում գրվում է ինն, տասն, բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝ երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ, երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գոր- ծածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կար- դացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1- ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով, որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։ Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն թիվ հինգ։ Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։ Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով (օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։ Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քա- նակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։ Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար, օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանքներ

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգ, երեք յոթերորդ, չորրորդ, տասնավոր
գ. վաթսուն, տասնմեկերորդ, հնգամյա, հիսունական, հարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

4.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-հնգամյակ
մեկ ամիս-միամսյակ
ութ ոտք ունեցող-ութոտանի
հարյուր տարի-հարյուրամյակ
ութ հոգուց բաղկացած-ութնյակ
հազար տարի-հազարամյակ
չորս հոգուց բաղկացած-քառյակ
երեք ամիս-եռամսյակ
երեք հոգուց բաղկացած-եռյակ
երեք ոտք ունեցող-եռոտանի

Leave a comment